Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) րոպեներ առաջ տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները:
«Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով»,-նշում են գերատեսչությունից՝ ընդգծելով, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար:
Նշենք՝ մոտ 1 ժամ առաջ էլ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ստեփանակերտն, այդ պահի տվյալով, դարձյալ հրթիռակոծվում է, խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։