«Շուշիի մեջ և շրջակա հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են՝ չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է»,-այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում 22:00-ին կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ արդեն 3-4 օր է, ինչ Շուշիի համար գիշեր ու զօր ճակատամարտ է:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այսօր սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ, թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր:
«Հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին։ Բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի»,-ասաց պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են:
«Մեր զորքերը կռվում են, կռվում են անձնուրաց, մեր հրամանատարները, շատերը նույնիսկ խախտելով, էսպես ասենք, մարտավարության կանոնները, մարտավարության տրամաբանությունը, զենքը ձեռքներին բարձրաստիճան հրամանատարությունն իջնում է, գնում զորքի կողքին կանգնում ու աձնուրաց կռվում, խփում հակառակորդի տանկը, զհրահամեքենան: Մինչև վերջին փամփուշտը, վերջին բնագիծը հաջողությամբ իր զինվորների հետ կռվում է»,-հավելեց Հովհաննիսյանը՝ հորդորելով չտրվել սադրանքների, սպասել Շուշիի ճակատամարտի ավարտին, որ փառքով է ավարտվելու:
Հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը՝Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Շուշիի համար ճակատամարտը կավարտվի:
Հարցին, թե ինչ դերակատարություն ունի Շուշիի մարտերի հաջողություններում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի մասին այս օրերին ադրբեջանական մամուլը շատ է գրում՝ պնդելով, թե ծանր վիրավորվել է, Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց.
«Սեյրան Օհանյանը՝ Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, իմ համար հրամանատար ու ուսուցիչ ռազմի գործում, Շուշիի ազատագրող լեգենդար հրամանատարն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ: Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով»:
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում: