Գերմանիայի Շվերին քաղաքում ապրող հայերը, Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, Արցախի անկախության ճանաչման պահանջով նոյեմբերի 7-ին բողոքի երթ են անցկացրել:
Տասնյակ հայեր քաղաքի կայարանամերձ տարածքից գլխավոր փողոցներով շարժվել են դեպի Շվերինի դղյակ:
«Հուսով եմ՝ կկարողանանք ոտքի հանել քնած Եվրոպային, որի սիրտը այնքան կարծրացած է»,-նշել է Ժաննա Խաչատրյանը՝ Գերմանիայի բոլոր գյուղերում ու քաղաքներում գտնվող հայերին կոչ անելով բարձրացնել իրենց ձայնը՝ որպես պահանջատեր հայ:
«Կաթիլ առ կաթիլ, քայլ առ քայլ պետք է առաջ գնանք ու հասնենք Գերմանիայի կողմից պատերազմը դադարեցնելուն և Արցախի անկախությունը ճանաչելուն»,-շեշտել է նա:
«Նավալնիին թունավորեցին՝ պատժամիջոցներ կիրառեցին, իսկ հիմա, երբ արգելված քիմիական ռումբով այրում են Արցախի անտառները՝ աշխարհը լռում է, դա պետք է քննադատվի»,-բարձրաձայնել է ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը:
«Աշխարհը պետք է դատի էրդողանական տեռորիստական գործողությունները»,-նշել է երթի մեկ այլ մասնակից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Շվերինի հայերին միացել է նաև ծագումով թուրք գերմանաբնակ երգչուհի Լեման Շտեհնը, ով այս օրերին Գերմանիայի տարբեր քաղաքներում միանում է Արցախի անկախության ճանաչման, ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման պահանջով հայերի կազմակերպած ակցիաներին:
«Եթե Արցախում ապրող մարդիկ ժամանակին որոշել են ապրել անկախ, ինքնորոշված՝ ուրեմն աշխարհը պետք է դա ընդունի: Ազատություն և ինքնորոշում Արցախին: Դա չի կարող դրվել հարցականի տակ»,-օրեր առաջ Համբուրգում հայտարարել էր Շտեհնը՝ ընդգծելով, որ դա իր և «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» իր կուսակից ընկերների դիրքորոշումն է:
Բարձրյալից հայոց աշխարհին խաղաղություն պարգևելու խնդրանքով՝ Շտեհնը Շվերինում կատարել է «Տեր, ողոմեա»-ն:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Անցնող 43 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերին զուգահեռ հակառակորդն արգելված զինատեսակներով հրթիռահրետակոծության է ենթարկել Արցախի ավելի քան 150 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, հարվածներ են հասցվել Սեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ, սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ՝ հրդեհել է Արցախի առնվազն 1815 հա անտառային ծածկույթ։ Այս ընթացքում հակառակորդը խախտել է մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից:
Թշնամին այսօր էլ շարունակել է հրթիռահրետանային հարձակումները ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանագոտում, այլև՝ խաղաղ բնակավայրերում՝ ծանր հրետանի կիրառելով Մարտունու ուղղությամբ, հրթիռակոծելով նաև Ստեփանակերտը, որի հետևանքով կա տուժած ու հսկայական ավերածություններ։ Արդեն 4-րդ օրն է՝ թշնամական ուժերը, նոր միջոցներ ներգրավելով, շարունակում են Շուշիի գրավման իրենց ցանկությունն իրագործելու պլանները. բերդաքաղաքում և մերձակայքում այս րոպեներին էլ մարտերը շարունակվում են:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան
Տեսանյութերը և լուսանկարները՝ Շվերինում «Ռադիո Վան»-ի աղբյուրի