Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծոռայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված, սակայն մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։
«Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ միաժամանակ հայտնելով, որ Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը, թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
«Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել՝ հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,-ասված է Արցախի ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ Արցախի մայրաքաղաքում լարված է եղել նաև անցնող գիշերը. հրթիռային 8 հարված է հասցվել բնակելի թաղամասերին, ենթակառուցվածքներին: