Կառավարությունն առաջարկում է «1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարը դարձնել 3000. Հիմնադրամի տնօրենը կողմ է - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունն առաջարկում է «1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարը դարձնել 3000. Հիմնադրամի տնօրենը կողմ է

2020-11-08 16:31 , Политика, 1126

Կառավարությունն առաջարկում է «1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարը դարձնել 3000. Հիմնադրամի տնօրենը կողմ է

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հեղինակած «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող 1000 դրամը 3000 դարձնելու նախագծին՝ ողջունելով այն:

«Իրական անարդարությունները վերացնելու ժամանակը» վերնագրով ֆեյսբուքյան հրապարակմամբ, նա, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունը քննարկման է ներկայացրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը 3000 դարձնելու նախագիծ, ու կրկին մոլեգնել է դժգոհության ալիքը: Այս անգամ լսվում են հիմնականում երկու հարցադրում-առաջարկություններ.

1. Ինչու՞ պարտադիր վճարները պրոգրեսիվ չեն դարձվում

2. Ինչու այս ծախսը պետական բյուջեն չի կատարում հարկերի հաշվին:

Համատարած 3000 դրամ սահմանելը ճիշտ տարբերակ է ու ահա թե ինչու.

1. Որևէ առաջարկություն որ ներկայացվում է, պետք է տրվի նաև դրա տնտեսագիտական հաշվարկը: Նորություն ասած չեմ լինի եթե ասեմ, որ մարդիկ Հայաստանում համատարած թաքցնում են իրենց աշխատավարձը: Շուրջ 630,000 գրանցված աշխատողներից 382,000-ը հայտարարագրել են 150,000 դրամից ցածր աշխատավարձ: Այսինքն, գրանցված աշխատողների 60%-ը ցույց են տալիս, որ իրենք ստանում են 150,000 դրամ: Ավելին, երկու միլիոն դրամից ավել եկամուտ են ստանում Հայաստանում ընդհամենը 2,400 մարդ: Հավատու՞մ եք: Ես չեմ հավատում: Իմ ու այլ գործընկերների փորձագիտական հաշվարկներով Հայաստանում թափանցիկ կերպով իրենց իրական եկամուտները ցույց են տալիս գրանցված աշխատողների շուրջ 10%-ը, իսկ մեծ մասը հայկական դասական «շուստրիությամբ» խափում են մեզ բոլորիս: Ի՞նչ կապ ունեն այս թվերը 1000 դրամի բարձրացման հետ: Կապ ունեն այն առումով, որ ամբոխահաճո մղումներով որքան էլ բարձրացնենք համեմատաբար բարձր աշխատավարձ ստացողներինը ու չբարձրացնենք կամ քիչ բարձրացնենք ցածր աշխատավարձ ստացողներինը, այս պահին հիմնադրամին անհրաժեշտ տարեկան ավելի քան 22 միլիարդ դրամի ստացումը դնում ենք վտանգի տակ:

2. Հայաստանի 30-ամյա փորձը ցույց է տալիս, որ հարկման տարբերակված կամ պրոգրեսիվ մոտեցումը խրախուսում է եկամուտների թաքցնելը: Այս առումով գործող իշխանությունը ճիշտ որոշում կայացրեց, ու ներդրեց ոչ պրոգրեսիվ հարկումը, որի դրական արդյունքները մենք տարեց տարի տեսնելու ենք: Զինծառայողների ապահովագրության համակարգի ամբողջ գեղեցկությունն այն է, որ այն պարզ է, թափանցիկ ու վերահսկելի: Գրանցվա՞ծ ես. ուրեմն վճարիր 1000 դրամ: Տարբերակված մոտեցումը հանգեցնելու է խարդախությունների, որի հետևանքով վտանգվելու են Հիմնադրամի մուտքերը, այսինքն մեր բոլորի կոլեկտիվ պատասխանատվությունը մեր զինված ուժերի հանդեպ: Տարբերակված մոտեցումը նաև ավելացնում է վճարների հավաքագրման վարչարարության ծախսերը, որոնք մենք բոլորս ենք կրում:

3. Խոսելով պատասխանատվությունից: Ստեղծված համակարգը ապահովագրական համակարգ է: Այն մաս չի կազմում հարկաբյուջետային քաղաքականության: Այսինքն, մենք բոլորս ապահովագրում ենք մեր սահմաններն ամուր պահող բանակի կյանքն ու առողջությունը` նրանցից ՀԱՎԱՍԱՐ կերպով ստանալով ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Սահմանին կանգնած զինվորը չի մտածում թե ինքը հարուստին է պաշտպանում թե աղքատին: Բարձր աշխատավարձ ստացողին թե ցածր: Երևանում ապրողին թե սահմանամերձ գյուղում: Մենք բոլորս այդ հանրային արժեքը կամ ծառայությունը ստանում ենք հավասարապես ու պետք է վճարենք հավասարապես: Օրինակ, երբ մարդն ԱՊՊԱ կամ առողջության ապահովագրություն է գնում, ապահովագրական ընկերությունը չի հարցնում չէ՞ թե որքան աշխատավարձ է ստանում տվյալ քաղաքացին: Բոլորի համար էլ ապահովագրական ծառայության գինը նույն է: Հիմա էլ մենք հավասար պաշտպանություն ենք ստանում ու դրա համար պետք է վճարենք այդ պաշտպանության գինը:

Այժմ, կարծում եմ, որ զինծառայողների ապահովագրության ու հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում այլ օրակարգեր պետք է ձևավորվեն ու գործուն լուծումներ տրվեն: Դրանք են.

1. Տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հայաստանում եկամուտներ են ստանում և Հիմնադրամին որևէ վճարում չեն անում` թեև մեր բանակից ստանում են նույն պաշտպանությունը: Այ հենց սա՛ է անարդարությունը: Մենք նրանց բոլորին պետք է պարտադրենք Հիմնադրամին վճարումներ անել: Կա՛ դրա ձևը:

2. Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ ով իրեն հայ է համարում, կարողանում է այդպես անել, քանզի հայոց բանակը ազգ է պահպանում: Սփյուռքի հայրենակիցները սակայն ստացված ազգապահպանման համար չեն վճարում: Այ հենց սա՛ է անարդարությունը: Մենք նրանց բոլորին պետք է պարտադրենք Հիմնադրամին վճարումներ անել: Կա՛ դրա ձևը:

3. Մեր զինվորների հետ ուս-ուսի առաջնագիծ են պահում մեր բժիշկները, փրկարարները, լրագրողները, օպերատորները, մատակարարներն ու այլոք: Նրանք սակայն ապահովագրված չեն: Այ հենց սա՛ է անարդարությունը: Մենք նրանց բոլորին պետք է ապահովագրենք: Կա՛ դրա ձևը:

Եկեք իսկական անարդարությունների դեմ պայքարենք: Երբ ասում ենք #հաղթելուենք, հենց այնպես հեշթեգ չանենք: Այլ այնպես անենք, որ իսկապես հաղթենք:

https://www.facebook.com/varoujan.avedikian/posts/...

Նշենք՝ օրեր առաջ հայտարարվեց, որ վերոնշյալ հիմնադրամը նոյեմբերի 6-ից կսկսի սեպտեմբերի 27-ից հետո զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը:

Երեկ հաղորդվեց, որ հատուցումն արդեն տրամադրվել է 10 ընտանիքի, գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը, առավել հայտնի՝ «1000 դրամների» հիմնադրամ, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։ Այս տարեսկզբից հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում նաև 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին:

Կառավարությունը, հիմք ընդունելով հանգամանքը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած հարձակման հետևանքով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառուների թիվը աճել է, մշակել ու ս.թ. նոյեմբերի 5-ին Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում տեղադրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ Վճարի նշյալ չափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները, նշվում է, ևս գնահատվել են։

Նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև նոյեմբերի 20-ը: Ազգային ժողովի կողմից այն ընդունվելու դեպքում՝ ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

Лента

Рекомендуем посмотреть