Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը, ով երեկ հայտնել էր, որ Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, Պաշտպանության բանակի (ՊԲ) N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք, որտեղ թշնամին թողել է 20 դի, այսօր գրել է՝ սպասեք հաղթական լուրերի։
«ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։
Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի:
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու»,-ասված է Հարութ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշենք՝ վերջին օրերին հատկապես թշնամական ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են իրականացնում Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում, սակայն կորուտներ կրելով հետ են շպրտվել։
Նոյեմբերի 3-ին էլ հաղորդվեց, որ վերջին օրերին տեղի ունեցած և այդ օրը ևս հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:
Այնուհետ հրապարակվեց «Դժոխքի ձոր»-ի տեսանյութը, որում Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված թշնամական շուրջ 10 միավոր տեխնիկան էր, այդ թվում նաև հետևակի մարտական մեքենաներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։