Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս 6 զինվորական ծառայողի՝ Սամվել Կնազյանի, Սամվել Քաստակցյանի, Հովսեփ Սահակյանի, Վահե Աբրահամյանի, Գեղամ Էլբակյանի և Նորիկ Առաքելյանի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Այդ մասին հայտնում են ՄԻԵԴ-ում զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նշվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով:
«Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ.»,-ասված է Զեյնալյանի և Սահակյանի տարածած համատեղ հայտարարությունում: