Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, որպեսզի բերդաքաղաքը մնա կանգուն և բոլորիս պարտքն է հավատալ և վստահել մինչև վերջ պայքարող հայ զինվորականին:
Այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման, նահանջի մասին մտքերն ու խոսակցությունները.
«Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ: Մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Ոչինչ, մենք դիմադրում ենք, դիմադրում ենք հերոսաբար: Եթե, անգամ, նահանջում ենք, պիտի պահենք մեր մարտունակությունը, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները, այդուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական։
Հակառակորդը զրահատեխնիկայի օգնությամբ փորձել է հարձակում իրականացնել Մարտունու ուղղությամբ, սակայն կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։
ՊՆ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ մարտեր են ընթացել Բերձորից հարավ, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում.