ՌԴ-ն ռուսաստանյան բուհերում սովորելու համար Հայաստանի քաղաքացիների համար այս տարի պետպատվերով կհատկացնի 187 տեղ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը:
«Այս տարի մրցութային կարգով կընտրենք աչքի ընկնող, հեռանկարային երիտասարդների և աղջիկների, որոնք ուսումը կշարունակեն այն մասնագիտություններով, որոնց պահանջարկը կա Հայաստանում: Այս տարի հատկացվել է 187 անվճար տեղ: Դա մի փոքր պակաս է, քան անցյալ տարի: Սակայն այստեղ կա մի նրբություն: Եթե մրցույթում լինեն լավ թեկնածուներ այն մասնագիտություններով, որոնց պահանջարկը կա Հայաստանում, ապա մեր կենտրոնը պատրաստ է հատկացնել լրացուցիչ քվոտային տեղեր»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդականը:
Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինի տեղեկացմամբ՝ դիտարկվելու է դիմորդի նախորդ կրթական մակարդակի ատեստատում եղած միջին միավորը, ասպիրանտների համար՝ հրապարակումների քանակը, կոնֆերանսներին մասնակցությունը և այլն: Բոլոր թեկանծուները կհանձնեն ռուսաց լեզվի քննություն: Բացի այդ՝ քննություններ պրոֆիլային առարկաներից:
Ընդունելության քննությունների ցանկը կհրապարակվի այսօր ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում:
Բոլոր թեկանծուները կարող են գրանցվել Russia.study կայքում և լրացնելով հարցաթերթիկը՝ ավտոմատ կերպով ընդգրկվել մրցույթում:
Փաստաթղթերի ընդունման գործընթացը կսկսվի փետրվարի1-ից: