Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների հետևանքով Դավիթ Բեկում զոհվել է 1 քաղաքացիական անձ, 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով), Ագարակ գյուղում հրետանային հարձակումների արդյունքում 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ:
Այդ մասին արձանագրված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) արտահերթ զեկույցում, որում ընդգծվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար։
«Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով):
Ագարակ գյուղում հրետանային հարձակումների արդյունքում վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ»,-ասված է Արման Թաթոյանի զեկույցում, որը վաղը ամբողջական տեսքով կտեղադրվի նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: