Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու առողջության համար պայքարի առաջնագծում են՝ ամեն օր կատարելով անգնահատելի աշխատանք:
Երևանի պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ) հայտնում են, որ նրանցից մեկն է նաև Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ, ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող Գարիկ Մանուկյանը, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը:
«Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։
Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»»,-ասված է բժշկական համալսարանի պաշտոնական կայքում զետեղված հրապարակման մեջ։
Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդու շիրմին։
Փա´ռք հայոց բանակի բոլոր մարտիկներին։