Garmin ընկերությունը հայերի սպանության համար օգտագործվող թուրքական անօդաչու թռչող սարքերում (ԱԹՍ) իր արտադրած մասերի հայտնաբերման առնչությամբ կորպորատիվ պատասխանատվության առումով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջոցներ կձեռնարկի՝ իր արտադրանքը թուրքական «Բայրաքթարների» արտադրությունում չօգտագործելու ուղղությամբ։
«Garmin-ի ուշադրությանն է ներկայացվել այն, որ մեր արտադրանքներից մեկը ներառված է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում (Արցախ)`անմեղ քաղաքացիական անձանց սպանելու համար: Մենք խստիվ դատապարտում ենք այս բռնությունը, և ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Այս անօդաչու թռչող սարքերում օգտագործվող Garmin արտադրանքը առևտրային, ոչ ռազմական արտադրանք է, որը լայնորեն մատչելի է սպառողի համար: Այն նախատեսված չէ ռազմական նպատակների համար, և ոչ էլ, նույնիսկ, անօդաչու թռչող սարքերում օգտագործելու համար: Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մեր արտադրանքները հայտնվել անօդաչու թռչող սարքերում, և հետաքննությունից հետո մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք՝ մեր սարքավորումները կրկին այդ նպատակի համար օգտագործումից պաշտպանելու համար: Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրավիրեցին մեր ուշադրությունը այս փաստի վրա»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում։