«Էլի կուդամ»․ արագածավանցի 92-ամյա տատիկը թոշակից 30 000 դրամ նվիրաբերել է Արցախին - RadioVan.fm

Онлайн

«Էլի կուդամ»․ արագածավանցի 92-ամյա տատիկը թոշակից 30 000 դրամ նվիրաբերել է Արցախին  

2020-11-04 22:11 , Общество, 4371

«Էլի կուդամ»․ արագածավանցի 92-ամյա տատիկը թոշակից  30 000 դրամ նվիրաբերել է Արցախին

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Արև Պողոսյանն այս օրերին մեկ ցանկություն ունի, որ խաղաղություն հաստատվի հայոց աշխարհում։

92-ամյա կինը նշում է՝ պատերազմներ էլի է տեսել, որին իր հարազատները մասնակցել են, սակայն տարիքով փոքր լինելու պարագան օգնել է զրկանքները խորապես չզգալուն, սակայն, այս մեկը՝ այս օրերին տեղի ունեցողը, իր որակմամբ՝ «զուլում» է։

Վեց զավակ ունեցող տարեց կինը հավատում է՝ «մեր ջահելները պետք է հաղթեն, առողջ տուն վերադառնան», իսկ այդ նպատակին նպաստելու համար նա այսօր իր միջոցներն է ուղղել։

Արև տատիկը թոշակը ստացել ու 30 000 դրամը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին։ Նշում է՝ հաջորդ ամիս ևս թոշակի գումարը կուղղի Արցախին օգնությանը։

«Մենք չմնանք անտեր, օրը կգդնիմ, կուդեմ, բայց մեր զինվորը թող հաղթե, առողջ գա, իմանամ, որ հաղթել ենք՝ նոր հոգիս կուդամ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց 92-ամյա Արև տատիկը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Դրամահավաքի շրջանակում այս պահի դրությամբ համահայկական ընտանիքի շնորհիվ կատարված նվիրատվությունները հատել են 160.000.000 ԱՄՆ դոլարի շեմը:

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 39 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերին զոգահեռ հակառակորդը հրթիռահրետակոծության է ենթարկել Արցախի ավելի քան 150 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, հարվածներ են հասցվել Սեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Այս ընթացքում հակառակորդը խախտել է մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Կոպտորեն խախտվել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից: Թշնամին այսօր էլ շարունակել է հրթիռահրետանային հարձակումները ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանագոտում, այլև՝ խաղաղ բնակավայրերում՝ ծանր հրետանի կիրառելով Շուշիի ուղղությամբ, որի հետևանքով կան տուժածներ ու ավերածություններ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть