Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում նե, որ ներկա պահին Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:
Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:
Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում ադրբեջանական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը։ ՊԲ ստորաբաժանումներն, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:
Միաժամանակ նշվել էր, որ ժամը 12:55-ի սահմաններում ևս նույն ուղղությամբ ձեռնարկվել է հերթական հարձակումը, և ադրբեջանական կողմը, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: