Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ թշնամու թիրախում պարբերաբար հայտնվող Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։
Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։
«Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից»,-հայտնում են գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ։