ՀՀ իրավապահները Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման հերթական դեպքերն են բացահայտնել։
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ Սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն էլ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են շուրջօրյա հսկողությունը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։ Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք»,-ընդգծում են ՀՀ ոստիկանությունից։