Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, Եվրամիության (ԵՄ) գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։
Մնացականյանը շեշտել է, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում:
Նախարարը ներկաներին իրազեկել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով: Նախարարը հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ:
Հյուրերի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ:
«Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին:
«Նախարար Մնացականյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»»,-փոխանցում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։