Պատերազմական օրերին Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից կազատվեն․ Արայիկ Հարությունյան - RadioVan.fm

Онлайн

Պատերազմական օրերին Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից կազատվեն․ Արայիկ Հարությունյան

2020-11-03 18:27 , Политика, 1176

Պատերազմական օրերին Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից կազատվեն․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:

Նշենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանը նախօրեին բաց նամակ էր հղել Արցախի նախագահին, որում ընդգծել էր, որ այս օրերին, երբ մեր զինված ուժերն ու կամավորական ջոկատները կենաց մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ուժերի և Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կողմից տարբեր «թեժ կետերից» բերված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, արժանապատվության կորստի գնով, սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված, գտնվում են ՀՀ-ում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց:

Որպես այս պահին առաջնագծում մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող զինվորականի կին՝ նա առաջարկել էր պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին և զինապարտներին ազատել աշխատանքից:

Այսօր ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ տիկնոջ նամակը ներկայացրել է Արայիկ Հարությունյանին և նա առաջիկա ժամերին կարձագանքի դրան։

Лента

Рекомендуем посмотреть