ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբբ հայտնում է, որ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարածք։
Հիշեցնենք՝ Իրանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանները պաշտպանելու նպատակով տանկեր ու այլ զրահատեխնիկա է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում։ Պաշտոնական Թեհրանը քանիցս հայտարարել է, որ անպատասխան չի թողնի Արցախում հակամարտության կողմերից իր տարածք ընկնող արկերի դեպքերը, ինչպես նաև չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունն իր սահմաններին։
«Այսօր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները Իրանի սահմանամերձ շրջաններում չեն, բայց սահմանի անմիջական հարևանությամբ նրանց ներկայության հավանականությունը մեծ է, և Թեհրանը դրա վերաբերյալ հատուկ մտահոգություն է հայտնել»,-ասել էր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Սիրիայից ու Լիբիայից ներգրավված վարձկան-ահաբեկիչների խնդրի մասին։
Այսօր էլ Իրանի հոգևոր առաջնորդը զգուշացրել է, որ ահաբեկիչների՝ Իրանի սահմաններին մոտենալու դեպքում՝ Թեհրանը վճռական պատասխան կտա։