Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի (ՊԲ) ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:
«Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:
Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,-ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ:
Հիշեցնենք՝ Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին հակառակորդը հարձակման փորձեր է կատարել ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, որոնք հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։ Այդ վայրը, նշել էր,մամուլի խոսնակը, այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր։