Գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը, որի մեքենայի վրա Արցախում օրեր առաջ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) արկ էր ընկել ու հրաշքով չէր պայթել, մեքենա է նվեր ստացել։
Այդ մասին հայտնում է Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Անակնկալը ստացվեց: Օրեր առաջ գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն իր ծառայության ընթացքում աստվածային հրաշքով փրկվել էր թշնամու ԱԹՍ-ի հարվածից, որն ընկելնելով նրա մեքենայի վրա՝ չէր պայթել:
Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը, որ պատերազմական այս օրերին տարբեր ծրագրերով իր մշտական աջակցությունն է բերում Հայոց բանակին, Դավիթ սարկավագին նվիրեց ավտոմեքենա, որպեսզի սպասավորող գնդերեցը Հայոց բանակում կարողանա լիարժեք իրագործել իր հոգևոր սպասավորությունը»։
Օրեր առաջ հայտնել էինք, որ թշնամական անօդաչուն, ընկնելով գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, չէր պայթել, սակայն ամբողջությամբ վնասվել էր այն։