Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է արցախյան գոյամարտի առաջամարտիկներից գնդապետ Սերգեյ Շաքարյանը։
Հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ կազմակերպած, թշնամուն զգալի կորուստներ պատճառած գնդապետը հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի հրամանագրով արժանացել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։
«Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, Ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»,-առաջնագծում գնդապետ Շաքարյանին, և ևս 4 զինվորականի պարգևատրումից հետո ֆեյսբուքում հանդես գալով ուղիղ եթերով՝ ասել էր Արայիկ Հարությունյանը։
«Ես առաջնագիծ գնացել եմ ոչ թե այն բանի համար, որ մտահոգվելու տեղիք կար, այլ առաջին հերթին պետք է ոգևորել մեր սպաներին և զինվորներին, որոնք կենաց–մահու կռիվ են տալիս»,-ընդգծել էր Արցախի նախագահը։
Նշենք՝ գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի հայրը՝ Սլավիկ Շաքարյանը, Արցախյան առաջին պատերազմի զոհերից է։ Հոր մահից հետո տակավին պատանի տղան նետվել է մարտի դաշտ՝ կատարելագործելով իր մարտավարական գիտելիքները։ Անգամ մայրը օրեր շարունակ տեղյակ չի եղել, թե որտեղ է որդին։
«Երեխեք էինք` 16-17 տարեկան, երեք հոգով առաջին անգամ դիրք գնացինք՝ բախտ վիճակվեց մարտական արկով կրակել մեր հակառակորդին, և ես, կարելի է ասել սիրահարվեցի ու որպես տանկիստ շարունակեցի ամբողջ պատերազմը»,-արխիվային տեսանյութերից մեկում պատմում է հերոս հայորդին, որի խոսքով՝ մեր պայքարը մեր ազգի գոյատևման համար է եղել։
«Հպարտ եմ, որ պահպանում եմ մեր պետության, հայրենիքի ու ընտանիքի սահմանները և այդ խնդիրը պետք է կատարենք պատվով, որ մեր զոհված ընկերների արյունը չդառնա զուր թափված»,-իր մասին պատմող տեսանյութում ասում է Արցախի հերոսը։
Նշենք՝ հայրենիքի պաշտպանության համար նահատակված 46-ամյա գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի անունը ներառված է Արցախի պաշտպանության նախարարության՝ այսօր հրապարակած ցուցակում։
Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդիների շիրիմներին։
Փա´ռք հայոց բանակի բոլոր մարտիկներին։