Արցախի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ՝ խստագույնս դատապարտելով այն։
Տարածած հայտարարությունում ասված է․
«Խստագույնս և վճռականորեն դատապարտում են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից:
Պաշտոնական Բաքուն, հակառակ իր հայտարարություններին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, իրականում դիմում է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը: Նախևառաջ՝ այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի պահպանման հետևողական մերժումը, քանի որ ռազմական գործողությունները չդադարեցնելը Բաքվի իշխանություններին թույլ է տալիս շարունակել Արցախի խաղաղ բնակչության ահաբեկումը: Հենց այդ նպատակներով է, որ ադրբեջանական կողմը դիմում է արգելված զենքի օգտագործմանը, խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումների իրագործմանը՝ իր առջև որպես հիմնական խնդիր դնելով Արցախի ողջ բնակչության բնաջնջումն ու բռնի տեղահանումը:
Նման պայմաններում, որպես ամբողջ ժողովրդի կոլեկտիվ և անհատական իրավունքների զանգվածային ոտնահարումները կանխելու և նրան ֆիզիկական ոչնչացումից պաշտպանելու արդյունավետ միջոց՝ միջազգային հանրությունը ձևավորել է այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անջատվելու և որպես անկախ պետություն միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը ճանաչելու պրակտիկա:
30 տարի առաջ Արցախի ժողովուրդն ընտրել է անկախության ուղին՝ որպես հայ բնակչության բնաջնջման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունից պաշտպանվելու միջոց: Համոզված ենք, որ Բաքվի իշխանությունների կողմից իրենց հանցավոր ծրագիրն ավարտին հասցնելու շարունակական փորձերի պայմաններում Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության արդիական և հասունացած միջոց է` իրականացնելու մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համընդհանուր ընդունված պարտավորությունները»: