Եվրոպական խորհրդարանի անդամ Աննա Բոնֆրիսկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանցիների և թուրքերի վախեցնող վերաբերմունքը բոլոր ինստիտուտների, բոլոր քաղաքապետարանների և քաղաքային խորհուրդների նկատմամբ, որոնք այս օրերին սպառնալիքներով նամակներ են ստանում Արցախի Հանրապետությանը սատարելու համար, ցավալի է, անընդունելի Իտալիայում:
«Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայկական համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար:
Այս մութ ժամանակներում մենք պետք է միասնական լինենք նրանց դեմ, ովքեր կանխամտածված օգտագործում են նոր լրատվամիջոցները` կանխելու այլոց ազատությունները»։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Բոնֆրիսկոն անդրադառնալով Արցախի դեմ ահաբեկիչների ներգրավմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիային՝ սեպտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ հարցադրում է արել Եվրախորհրդարանին, որով ուշադրություն է հրավիրել Եվրամիության և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերությունների վրա՝ չնայած Հայաստանի դեմ շարունակվող ռազմական գործողություններին։
«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ հետևանքն է Եվրամիության ինստիտուտների՝ միայն բիզնեսի հարցում «աշխարհաքաղաքական» տեսանկյունը հաշվի առնելու և լռելու այն ժամանակ, երբ ամենաթույլերին անարդարությունից և բռնությունից պաշտպանելու կարիք կա»,-ընդգծել էր եվրախորհրդարանականը՝ հավելելով, որ, եթե հաստատվի Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը, ապա Էրդողանը կստանձնի Կովկասում տոտալ պատերազմ հրահրելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաշխարհային մակարդակի հասցնելու լրջագույն պատասխանատվությունը:
«Լեռնային Ղարաբաղ Ադրբեջան ներխուժման յուրաքանչյուր ժամը արյան և բռնության ժամ է»,-Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այնուհետ հայտարարել էր Աննա Բոնֆրիսկոն: