Շուշան Պետրոսյանի՝ «Անունս Արցախ է» երգը ընդունվել է որպես «1000 դրամների» հիմնադրամի հիմն - RadioVan.fm

Онлайн

Շուշան Պետրոսյանի՝ «Անունս Արցախ է» երգը ընդունվել է որպես «1000 դրամների» հիմնադրամի հիմն

2020-11-01 13:01 , Культура, Шоу бизнес, 2715

Շուշան Պետրոսյանի՝ «Անունս Արցախ է» երգը ընդունվել է որպես «1000 դրամների» հիմնադրամի հիմն

Աշխարհն առուծախ է արյան անձրևում,

Անունս Արցախ է, ես չեմ հանձնվում,

Վառվում է չոր ցախը արմատ չունեցող,

Անունս Արցախ է` հուր չվախեցող:

Այս բառերով «Անունս Արցախ է» երգը ընդունվել է որպես «Զինծառայողների ապահովագրության», առավել հայտնի՝ «1000 դրամների» հիմնադրամի հիմն։

Շուշան Պետրոսյանի կատարմամբ երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի) կայացել է հոկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ Վազգեն Սարգսյան 10 հասցեում անցկացված առաջին բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաքի ընթացքում, որի ողջ հասույթն ուղղվելու է զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին:

«Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Այդ տրոփյունները դառնում են խոսք, գործ, ծառայություն ու նվիրում, դառնում են նաև երգ: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

Միասին մենք անպարտելի ենք»,-ասված է Հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նշենք՝ զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով հոկտեմբերի 30-ից սկսված բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 2-ը։

Հանգանակությունները կարող են կատարվել տեղում և https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։ Այս տարեսկզբից «1000 դրամների» հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին:

Лента

Рекомендуем посмотреть