Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, հաղորդվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներից կրակ են արձակել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ․ մարտական գործողությունները անհետևանք չեն մնացել։