Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները․ ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով:
Հաղորդվում է, որ ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:
«Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք։
Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: