«Հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ»․ այսօր Արցախի փրկարարների օրն է - RadioVan.fm

Онлайн

«Հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ»․ այսօր Արցախի փրկարարների օրն է

2020-10-30 16:54 , Общество, 1098

«Հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ»․ այսօր Արցախի փրկարարների օրն է

Արցախն այսօր ավանդաբար տոնում է Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը:

«Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը:

Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին:

Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր:

Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն:

Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,-ասված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի ուղերձում։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին:

Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ: Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը:

Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։

Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Թանկագի՛ն բարեկամներ, Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:

Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Արցախի գործընկերներին շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ,

հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է, և այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ բնակչությանը պաշտպանելով, հայրենիքի սահմանների վրա մարտնչելով: Դուք սխրանքներ եք գործում ամեն վայրկյան՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Ցավոք սրտի, ունենք նաև թանկագին կորուստներ, և մեր խոնարհումը նրանց հիշատակի առաջ: Ձեր շարքերում կան վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ ցանկանում:

Ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն և այս պատերազմում վերջնական հաղթանակի անկոտրում կամք: Այս պատերազմը ձեզանից առավելագույն հոգատարություն ու պատասխանատվություն է պահանջում, և դուք անում եք անկարելին` բարձր պահելով փրկարարի կոչումը, պատիվն ու արժանապատվությունը:

Սիրելի՛ գործընկերներ,

Ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեր երկրի համար. յուրաքանչյուրդ՝ առանձին-առանձին:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ՀԱՂԹԱՆԱԿ:

Մենք հաղթելու ենք, և դուք լինելու եք միայն խաղաղ ժամանակների մարտիկ:

Խիղճ և խաղաղություն բոլորիս»,-ասված է Ֆելիքս Ցոլակյանի ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть