«Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից: Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմական գործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈՒՄԸ։ Սպասում ենք…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նշենք՝ ժամեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարելով, որ ադրբեջանական ուժերը լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար կոչ է արել միանալ, միասին պաշտպանել Շուշին, Արցախը, մեր ազգային արժանապատվությունը։
«Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այնպես էլ այսօր մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ: Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը»,-նշել է Հարությունյանը՝ կոչ անելով միավորվել ու միանալ Շուշիի պաշտպանությանը: