Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին հայտնում են ՄԻԵԴ-ում զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Տեղեկացվում է, որ գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ», - ասված է Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի տարածած համատեղ հայտարարությունում:
Հիշեցենք՝ ավելի վաղ ՄԻԵԴ-ը բավարարել էր սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերեվարված երկու հայ զինծառայողների դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանն ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը: