«Ճակատում թեժ մարտեր, թիկունքում՝ հավատ ծնող մանկան ճիչ». ավագ սերժանտ Առաքելյանի ընտանիքում 3-րդ աղջիկն է ծնվել - RadioVan.fm

Онлайн

«Ճակատում թեժ մարտեր, թիկունքում՝ հավատ ծնող մանկան ճիչ». ավագ սերժանտ Առաքելյանի ընտանիքում 3-րդ աղջիկն է ծնվել

2020-10-28 00:38 , Общество, 1658

«Ճակատում թեժ մարտեր, թիկունքում՝ հավատ ծնող մանկան ճիչ». ավագ սերժանտ Առաքելյանի ընտանիքում 3-րդ աղջիկն է ծնվել

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրից՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր Երևանում ծնվել է 107 արցախցի երեխա:

Առաջնագծում գտնվող ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Ժան Առաքելյանի ընտանիքում ծնված փոքրիկը մեկն է նրանցից:

Ընտանիքի մայրը՝ 30-ամյա Շուշան Առաքելյանը, Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել հղի վիճակում: Պատմում է, որ չի ցանկացել գալ, ամուսնուն այնտեղ թողնել, սակայն, ի վերջո, ամուսնու հորդորներով՝ տեղի է տվել:

«Վեր կաց, գնա, ես էդպես ավելի հանգիստ կլինեմ»՝ բալիկի սպասող կնոջը ռազմաճակատից հորդորել է ընտանիքի 33-ամյա հայրը:

Հոկտեմբերի 22-ին Առաքելյանների ընտանիքում ծնվել է երրորդ բալիկը՝ 3 կգ քաշով 49 սմ հասակով: Նրան, նախապես որոշված Ժակլինի փոխարեն, անվանակոչել են Վիկտորիա՝ ի նշան ակնկալվող հաղթանակի:

«Երեխայի ճիչը հաջողություն է բերում, և ես հավատում եմ, որ իր պապան կգա ու նրանք կհանդիպեն»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց 30-ամյա Շուշանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հոր՝ ավագ սերժանտ Առաքելյանի վերադարձին կարոտով սպասում են նաև նրա դուստրերը՝ 8-ամյա Դինան և 6-ամյա Մարին: Քույրերը, որոնք մինչև պատերազմը անընդհատ խնդրել են հայրիկին իրենց Երևան բերի, այսօր ասում են՝ չեն ուզում մնալ այստեղ առանց նրա: Նշում են՝ շատ են ուզում, որ ռազմաճակատում գտնվող իրենց հայրիկը տուն վերադառնա:

«Դրա համար ես ցանկանում եմ, որ բոլոր զինվորները առողջ լինեն, ու էս անգամ էլ հաղթենք»,-հուզմունքը զսպելով ասում է փոքրիկ Դինան:

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 30 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերին զոգահեռ հակառակորդը հրթիռահրետակոծության է ենթարկել Արցախի ավելի քան 150 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Այս ընթացքում հակառակորդը խախտել է մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Կոպտորեն խախտվել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից: Թշնամին այսօր էլ շարունակել է հրթիռահրետանային հարձակումները ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանագոտում, այլև՝ խաղաղ բնակավայրերում՝ ռազմական ավիացիայով ռմբակոծելով Մարտունի քաղաքը, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծելով Մարտունու շրջանի Ննգի գյուղը:

Հակառակորդի ագրեսիայի հետևանքով Արցախում, հոկտեմբերի 26-ը ներառյալ, 39 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 122-ը՝ վիրավորվել, բնակչության շուրջ 60%-ը՝ 90 000 մարդ, լքել է իր տունը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть