Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ:
«Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: