ՀՀ հարավային սահմանում հայկական կողմը վերահսկում է իրավիճակը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ հարավային սահմանում հայկական կողմը վերահսկում է իրավիճակը

2020-10-27 16:11 , Общество, 1105

ՀՀ հարավային սահմանում հայկական կողմը վերահսկում է իրավիճակը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն, ընդհանուր առմամբ, վերահսկում են իրավիճակը ՀՀ հարավային սահմանում: Այս մասին «Զինուժ մեդիա»-ի հրապարակած տեսանյութում հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հոկտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերին հարված հասցնելու հանգամանքին:

«Անմիջապես մեր կողմից ֆիքսվեց, բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են: Չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ և տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է»,- նշում է նա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունն ու առաջիկա քայլերն ու խնդիրները:

«Գիտենք բոլոր իրենց կրակային դիրքերի տեղերը, հանկարծ, եթե նորից կրկնվեց, բոլորը խոցելու ենք: Չենք թողելու հակառակորդի ոտնձգությունը: ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ ենք ցանկացած վայրկյան, երբ հակառակորդը փորձի պետական սահմանի խախտում իրականացնի, առկա բոլոր ուժերով հասցնենք հուժկու հարված և կիրառենք իր նկատմամբ զինանոցում գտնվող բոլոր զինատեսակները»,- նշում են հարավային սահմանում ծառայություն իրականացնող բարձրաստիճան սպաները:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть