Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և Առողջապահության նախարարության ցուցումը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։
«1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։
Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։ Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։ Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, և սովորողները չեն օգտվում դրանից, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նշված նորմերը և կանոնները։
Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։
Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ համավարակի պատճառով աշնանային արձակուրդները դպրոցում մեկնարկել են հոկտեմբերի 15-ին՝ նոյեմբերի 2-ի փոխարեն: