«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի շրջանակում այս պահի դրությամբ կատարված նվիրատվությունները հատել են 150 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը:
«Միասին հատեցինք $150 միլիոնը !
Շնորհակալություն համահայկական ընտանիքին։
Հաջորդ նպատակակետը` $200 միլիոն
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,-հայտնում են Հիմնադրամից:
Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։
Օրեր առաջ էլ ազդարարվել է Հիմնադրամի նոր՝ «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկի մասին: Նպատակը դեպի հայրենիք դրամական հոսքերի շարունակականության ապահովումն է. եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ՝ ամսական պարբերաբար կատարելով 50 դոլար նվիրատվություն, ապա ամսական կհանգանակվի 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ տարեկան արդեն կունենանք կես մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: