«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաև հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված և իհարկե արիական և մարտական բարձր ոգով։ Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։
Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»,-գրել է Էնֆիաջյանը:
Հիշեցնենք՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանը, ով 100 միլիոն դրամ գրավի դիմաց հոկտեմբերի 22-ին կալանքից ազատ է արձակվել՝ հաջորդ օրն իսկ դիմել էր իր կուսակիցներին, գործընկերներին՝ կամավորագրվելու կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:
«Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԲԿՀ առաջնորդը: