Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ, նշենք, Արցախի ՊՆ-ն հայտարարելով, որ թշնամին ապատեղեկատվություն է տարածում հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում՝ հաղորդել էր, որ դեռևս 08:00-ն չլրացած՝ շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրել է այդ տեղեկատվությունը, սակայն հաշված րոպեներ անց տարածել է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Հիշեցնենք՝ մարդասիրական հրադադարի մասին նոր համաձայնությունը, որը պետք է ուժի մեջ մտներ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից, ձեռք է բերվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո: Սա Արցախում հրադադար հաստատելու երրորդ փորձն է. մինչ այս հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնությունները չեն գործել՝ հակառակորդի ագրեսիվ գործողությունների հետևանքով: