Այս րոպեներից՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով` 08:00-ից, ուժի մեջ է մտնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված հրադադարի նոր համաձայնությունը:
Հիշեցնենք՝ այդ մասին հայտնի դարձավ երեկ կեսգիշերին մոտ՝ ԱՄՆ-ի Հայաստանի, Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությունից:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,-ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարության հայրեն լեզվով տեքստը հրապարակել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Միաժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տարածած հաղորդագրությամբ հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին, Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նշվել է, որ հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նաև մասնակցել են Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը։
Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրագործելու հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության բոլոր կետերը՝ ինչպես և պարտավորվել էին։