Թուրքիան ամեն պայմանավորվածությունից հետո հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. Փաշինյանը՝ WION TV-ին - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան ամեն պայմանավորվածությունից հետո հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. Փաշինյանը՝ WION TV-ին

2020-10-26 01:53 , Политика, 872

Թուրքիան ամեն պայմանավորվածությունից հետո հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. Փաշինյանը՝ WION TV-ին

«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ներկայությունը՝ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Դուք գիտեք, որ 20-րդ դարի սկզբին՝ մասնավորապես, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ պաշտոնապես ճանաչված է, և որի հետևանքով էթնիկ զտում է տեղի ունեցել շատ մեծ տարածքների վրա: Եվ հիմա իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Սա ունի կոնկրետ պրագմատիկ նպատակ: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ իր իմպերիալիստական քաղաքականությունը դեպի հարավ, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս համատեքստում, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է գոյութենական վտանգի ներքո, և մենք կարծում ենք, որ հարցի լուծման ամենաճիշտ և պրագմատիկ ձևը «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար»,-այդ մասին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե նա իր նախորդ հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն առերեսվում է գոյութենական սպառնալիքի հետ։

Հարցին, թե որ կողմն է խախտում հրադադարը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ վարչապետի լրատվության վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանն ասել է.

«Սովորաբար, նման դեպքերում ոչ ոք չի ասում՝ այո, այդ ես եմ, որ հրադադարը չեմ պաշտպանել: Բայց ես մի բան եմ հարցնում, ուղղակի եկեք տրամաբանական շղթա կառուցենք: Այն, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը, փաստ է: Այն, որ Ադրբեջանի կողմից այսօր կռվում են զինված ահաբեկիչներ, փաստ է: Ես չգիտեմ մի դեպք, որ զինված ահաբեկիչները կարող են որևէ տեղ ներգրավվել զինադադարի համար: Եվ երրորդը՝ Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները: Այս տրամաբանական շղթան կառուցելով՝ կարելի է շատ հեշտ դուրս բերել, թե ով է, որ չի պահպանում հրադադարի ռեժիմը»:

Անդրադառնակով ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներգրավելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային գործընկերներին:

«Նաև միջազգային լրատվամիջոցներում են եղել հրապարակումներ, որոնք ապացուցում են, որ Սիրիայից ահաբեկիչներ և վարձկաններ մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Եվ նաև միջազգային կառույցները տեղեկացված են։ Արդեն իսկ մի շարք երկրներ պաշտոնապես ընդունել են հակամարտության գոտում ահաբեկիչների և վարձկանների ներկայությունը և անհանգստություն են արտահայտել այս կապակցությամբ: Եվ, իհարկե, միջազգային հանրությունը պետք է այս գործողությունները խստորեն դատապարտի ու կոնկրետ միջոցներ ձեռնարկի ահաբեկիչների ներկայությանը տարածաշրջանում վերջ դնելու համար»,- ասել է վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть