«Եթե Արցախում ապրող մարդիկ ժամանակին որոշել են անկախանալ՝ աշխարհը պետք է դա ընդունի». ազգությամբ թուրք երգչուհին միացել է համբուրգահայերի պահանջին - RadioVan.fm

Онлайн

«Եթե Արցախում ապրող մարդիկ ժամանակին որոշել են անկախանալ՝ աշխարհը պետք է դա ընդունի». ազգությամբ թուրք երգչուհին միացել է համբուրգահայերի պահանջին  

2020-10-25 23:43 , Общество, 4405

«Եթե Արցախում ապրող մարդիկ ժամանակին որոշել են անկախանալ՝ աշխարհը պետք է դա ընդունի». ազգությամբ թուրք երգչուհին միացել է համբուրգահայերի պահանջին

Գերմանաբնակ ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը միացել է ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի անկախության ճանաչման պահանջով հայերի նախաձեռնությամբ Համբուրգում կայացած ակցիային:

«Ես այստեղ եմ մարդու իրավունքներին և խաղաղությանը սատար կանգնելու համար: Բոլոր մշակույթներն ու ազգերն իրավունք ունեն ապրել միասին՝ համերաշխ ու ուս-ուսի տված:

Եթե Արցախում ապրող մարդիկ ժամանակին որոշել են ապրել անկախ, ինքնորոշված՝ ուրեմն աշխարհը պետք է դա ընդունի: Ազատություն և ինքնորոշում Արցախին: Դա չի կարող դրվել հարցականի տակ»,-հարթակից բարձրաձայնել է Շտեհնը՝ ընդգծելով, որ դա միայն իր կարծիքը չէ, այլ նաև՝ «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» իր կուսակից ընկերների:

Գերմանաբնակ երգչուհին հայկական համայնքի, ծածանվող եռագույնի, «Կույր մի եղիր, աշխարհ», «Կանգ առ, Ալիև», «Կանգ առ, Էրդողան», «Ճանաչեք Արցախի անկախությունը» գրությամբ պաստառների ներքո երգել է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ 50-ամյա Լեման Շտեհնը քաջածանոթ է Հայոց ցեղասպանության իրողությանը: Նա առերեսվել է պատմական անցքերին Գերմանիայում, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլսից` վաղ մանկության տարիներին: 14 տարեկան հասակում վերադառնալով հայրենի Թուրքիա և հաճախելով Պոլսի միջնակարգ դպրոց` իր խոսքով` բախվել է իրարամերժ իրականությանը, որում դեռ պատանի թուրքերին ատելություն է սերմանվում հայերի և Հայաստանի հանդեպ: Դեռևս 1984թ-ին «Ազգային անվտանգություն» խորագրով դասաժամին` ուսուցիչը` թուրքական բանակի զինվորական, նշել է, որ իրենք ունենք երկու թշնամի ներքին և արտաքին` իբրև թշնամի մատնացույց անելով Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: Շտեհնը դիմում է գրել ուսումնական հաստատության տնօրենին և հրաժարվել մասնակցել իր որակմամբ` այդ հակամարդկային քարոզչության դասընթացին, որի ժամանակ էլ նրան «ալմաջի»՝ գերմանացի են անվանել, և նա հայտնվել է ուսուցիչների թիրախում:

«Կոմիտաս» փառատոնի շրջանակներում 2015 թվականին Հայաստան ժամանած տաղանդավոր երգչուհին ներողություն է խնդրել հայ ժողովրդից իր նախնիների գործած ոճրի համար` իր պարտքը համարելով յուրաքանչյուր տարի նախ որպես մարդ, ապա` որպես մշակութային գործիչ մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին ու, առհասարակ, ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառումներին:

«Մարդն այն ժամանակ է մարդ, երբ կարողանում է առերեսվել իր կեղտոտ անցյալի հետ: Իրերը պետք է կոչել իրենց անուններով` ինչպե՞ս կարելի է խուսափել գենոցիդ բառը գործածելուց, բնականաբար ես օգտագործում եմ այդ բառը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում այդ ժամանակ ընդգծել էր ազգությամբ թուրք երգչուհին:

Ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնի և գրող Քեմալ Յալչընի վերաբերյալ «Ռադիո Վան»-ի՝ 2015-ին պատրաստած աուդիոռեպորտաժը՝ ստորև։

Հավելենք՝ վերոնշյալը Համբուրգի հայ համայնքի միակ ակցիան չէր. ընդդեմ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ հոկտեմբերի 16-ին 100-ավոր հայեր առավոտ վաղ ավելի քան 3 ժամով փակել են քաղաքի 12-13 կմ երկարությամբ ձգվող համար 1 ավտոմայրուղին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ Համբուրգում «Ռադիո Վանի»-ի աղբյուրի

Лента

Рекомендуем посмотреть