Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ չկան:
Գերատեսչությունից ընդգծվում է՝ արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը տեսանյութ է տարածել:
Նշենք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը անդրադառնալով Ստեփանակերտի հրթիռակոծմանը՝ հայտարարել է, որ Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի:
«Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,-ընդգծել է նա: