Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում շեշտել են հրադադարի պահպանման անհրաժեշտությունը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում շեշտել են հրադադարի պահպանման անհրաժեշտությունը

2020-10-23 14:46 , Политика, 765

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում շեշտել են հրադադարի պահպանման անհրաժեշտությունը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։

ՀՀ նախագահը բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում՝ ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, թիրախավորվում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ։

Արմեն Սարգսյանի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված և այնուհետև այդ երկրի բանակի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո հայտնվեն նաև այլ երկրներում, այդ թվում` նաև Եվրոպայում:

Ֆրանսիայի նախագահը նույնպես մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կարևորվել է հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ հնարավորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Նախագահականից շեշտում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Лента

Рекомендуем посмотреть