ԱՄՆ կոնգրեսականները Ադրբեջանին և Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու, Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևեր են ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ կոնգրեսականները Ադրբեջանին և Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու, Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևեր են ներկայացրել

2020-10-23 07:29 , Политика, 1124

ԱՄՆ կոնգրեսականները Ադրբեջանին և Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու, Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևեր են ներկայացրել

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի 3 տասնյակ անդամների հետ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ:

«Փրանկ Փալոնն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հզոր բանաձև, որով կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր հանդիպումների նախաշեմին,- ասել է Փալոնը՝ միաժամանակ ընդգծելով,-քանի որ այս արյունալի հակամարտությունը շարունակվում է, մենք հավատում ենք, որ այժմ ժամանակն է վերջապես միջազգայնորեն ճանաչել Արցախի օրինական պահանջները և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Մեկ այլ հրապարակմամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ սենատոր Բոբ Մենենդեսի կողմից ԱՄՆ կոնգրես է ներկայացվել երկու բանաձև, որոնք կոչ են անում դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին։

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և մարդու իրավունքների սոսկալի խախտումների։ ԱՄՆ-ը չի կարող շարունակել սպառազինություն և անվտանգության ոլորտում աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ նրանք ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը:

Նշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Ժամեր առաջ այցը մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպմամբ:

Այսօր Վաշինգտոնում նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Վաշինգտոնում նախատեսված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով:

Лента

Рекомендуем посмотреть