Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով վնասում ենք ոչ թե թուրքական կողմին, այլ՝ հայաստանցի ներկրողներին․Գործարարների միության նախագահ - RadioVan.fm

Онлайн

Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով վնասում ենք ոչ թե թուրքական կողմին, այլ՝ հայաստանցի ներկրողներին․Գործարարների միության նախագահ

2020-10-22 15:04 , Общество, 2533

Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով վնասում ենք ոչ թե թուրքական կողմին, այլ՝ հայաստանցի ներկրողներին․Գործարարների միության նախագահ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրման արգելքի առնչությամբ հայտարարություն է տարածել։

«Թուրքիայի կողից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից, որոշակի նախաձեռնությամբ հանդես է եկել նաև գործադիրը, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

Միաժամանակ, խնդիրներ են առաջացել այն գործարարների ու անհատ ձեռներեցների մոտ, ովքեր մինչ այս արդեն իսկ զգալի քանակով ապրանքներ են ներմուծել Թուրքիայից, կատարել զգալի ծախսեր և այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։ Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով, մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլև դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ։ Ուստի, ևս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը։

Հայրենական արտադրողներին և թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին կոչ ենք անում օր առաջ դրսևորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար»,-ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմ Էկոնոմիկայի նախարարության, հոկտեմբերի 16-ին շրջանառեց «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման նախագիծը:

Կառավարությունից ընդգծում են՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:

Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Лента

Рекомендуем посмотреть