Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող առաջնագծից՝ Աղդամի մատույցներից՝ տեսաուղերձ է հղել՝ հավատով, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ ձեզ դիմել առաջնագծից՝ Աղդամի մատույցներից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից:
Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում ամեն օր աղոթեն մեր նահատակների և, իհարկե, մեր առաջնագծում կանգնած զինվորների համար:
Ուզում եմ, որ ամեն մարդ, ամեն հայ առավոտ արթնանալուց աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ հավատանք, որ հաղթելու ենք: Ուզում եմ՝ այն միասնականությունը, որ այսօր կա, պահպանվի:
Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան: Ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր Հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում՝ այդ պարտքը առաջնագծում:
Սահմանում ձեզ սպասում են ավելի, քան երբևէ: Պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը` սա հայրենական պատերազմ է: Եւ նաև ուզում եմ վերջում կրկնել՝ պետք է հավատալ: Ես հավատում եմ՝ մենք հաղթելու ենք»,-ասված է Արցախի նախագահի տեսաուղերձում։
Հիշեցնենք՝ նախօրեին Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների։ Նա զինապարտ արցախցիներին օր առաջ վերադառնալու և առաջնագծում իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչ է արել։