ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեջբերելով արձակագիր Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից մի հատված․
«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ, քանի որ, ընդգծել է նա, Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։
Փաշինյանը հաղթանակի 6 կետից բաղկացած քայլերի հաջորդականություն է ներկայացրել։ Այն է՝ մինչև 30 հոգանոց կամավորական ջոկատ կազմավորել, ընտրել հրամանատար, դիմել վերջինիս բնակության վայրի զինկոմիսարիատ, զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ և հաղթել: