Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանն արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին՝ հայտարարում է իր գլխավորությամբ կամավորական ջոկատ է կազմավորելու մասին:
«Սիրելի համաքաղաքացիներ,
ականջալուր լինելով ՀՀ վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ։
Հայրենքի պաշտպանության սրբազան գործի համար բոլորս պարտավոր ենք համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը:
Ուստի, մեր գոյության վճռորոշ պայքարի այս օրերին կոչ եմ անում մեր համայնքի բնակիչներին՝ կամավորագրվել հայրենական պայքարին։
Վաղը ժամը 9.00-ից սկսած կարող եք դիմել Արտաշատի համայնքապետարան՝ ձևավորելու «Արտաշատ» կամավորական ջոկատ և միանալու արդար պայքարին։
Փառք Հայոց բանակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտաշատ համայնքի զեկավարը:
Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։ Ըստ այդմ էլ նա կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կամավորական ջոկատներ ձևավորել: Վարչապետի կոչին արդեն արձագանքել են Արմավիրի քաղաքապետը, Լոռու մարզպետը, Էջմիածնի քաղաքապետը: