Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել է հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու և իր բաժին հաղթանակի հետևից գնալու մասին։
«Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից:
Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների, և ինքս իմ ուժերի ներածի չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:
Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը:
ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՆՑ ՎԱՂԸ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ: Մանրամասներին կտեղեկանաք, երբ գաք քաղաքապետարան կամավորագրվելու:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։ Ըստ այդմ էլ նա կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կամավորական ջոկատներ ձևավորել:
Վարչապետի կոչին արդեն արձագանքել են Արմավիր քաղաքապետը, Լոռու մարզպետը: