«Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…»,-այդ մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նկարագրելով «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանի որդուն՝ Մենուա Հովհաննիսյանին, որն այս օրերին Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 100-ավոր անմահացած հերոս հայորդիների շարքերում է։
«Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…
Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:
Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:
Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:
Հ.Գ.
Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»։
«Հայ ասպետ» դպրոցի տնօրեն, համանուն հեռուստանախագծի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ «իր ամենաթանկին տվել է ամենաթանկը» և լուռ սգալու իրավունք և ուժ չունի։
«Որդուս արյունը հրամայում է՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է»,-ընդգծել էր նա։