Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
«Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երեկ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։
Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի